Պատմական ակնարկ


    Ուսումնական կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել է դժվարին ժամանակաշրջանում: 2001-2002 թթ. մեր երկիրը դեռևս չէր ապաքինվել տնտեսական ճգնաժամի արհավիրքներից, հաղթահարված չէին անկայունությունն ու մարդկանց անվստահությունն ապագայի նկատմամբ: Աշխատատեղ ստեղծելու ցանկացած փորձ խիստ ռիսկային էր, քանի որ հնարավոր չէր ռացիոնալ կանխատեսումներ անել գոնե երեք-չորս տարվա ժամանակահատվածի համար: Այդ պայմաններում շատ գործարարների ուղղակի խելահեղություն կարող էր թվալ ներդրումն այնպիսի ոլորտում, ինչպիսին արհեստների ուսուցման կենտրոնի հիմնումն է, որի գործունեության շահութաբերությանը միանգամայն օրինաչափորեն կարելի է սպասել տասնամյակներով:

    Սակայն մենք վստահ էինք, որ մեր նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ: Վստահ էինք, քանի որ հենց տնտեսական ճգնաժամի ու համատարած անկայունության պայմաններում են մարդիկ իրապես գիտակցում, որ ամենահուսալի ներդրումը սեփական կրթության և ինքնակատարելագործման համար արված ներդրումն է: Ձեռք բերված գիտելիքն ու հմտությունը, սերտած արհեստը երբեք չեն արժեզրկվի, չեն ենթարկվի դևալվացիայի, չեն կորչի սնանկ դարձած բանկի հաշիվներում:

    «Մանանա» ուսումնական կենտրոնը կայացավ: 2002 թ. ստեղծվելով որպես «Տաթև գիտակրթական համալիրի» առանձնացված ստորաբաժանում՝ կենտրոնը հետագայում դարձավ նույն համալիրի ինքնուրույն կառուցվածքային միավորը, որը, շնորհիվ համալիրի հաղորդակցային ցանցերում ներգրավվածության, արդեն ինքնուրույն բանակցություններ է վարում եվրոպական մի շարք ուսումնական կենտրոնների հետ՝ ուսուցանվող մանագիտությունների ցանկն ընդլայնելու և լայնածավալ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:

    Այսօր, երբ մենք իրականացնում ենք ընդլայնման խոշոր ծրագրեր, դարձյալ մեր երկրի տնտեսությունը ցնցվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածներից: Սակայն սերն առ արհեստն ու գիտելիքը մեր ազգային գենոմի մեջ է, և մենք դարձյալ վստահ ենք, որ ոչ հեռու ապագայում «Մանանա» ուսումնական կենտրոնը կդառնա տարածաշրջանային նշանակության խոշոր ուսումնական կենտրոն:


 
Մեր մասին Պատմական ակնարկ Աշխատանքներ Ֆոտոալբոմ Կոնտակտներ
© Copyright 2008 Yerevan Manana Training Center
Designed & Developed by angystudio